Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ես հաղթանակած բարու տերն եմ

Ես հաղթանակած բարու տերն եմ
09.05.2025 | 19:29

Երեկոյան պահարանիս խորքերից կհանեմ իմ թագավորական կոնյակը, կլցնեմ իմ մեծ կոնյակի բաժակի մեջ ու կխմեմ։ Կխմեմ իմ քեռու կենացը, որը մեր ընտանիքի տուրքն ա Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ քեռուս, որի մասին մաման ակնածանքով ու տիեզերական ափսոսանքով էր խոսում, որը պոետ ա եղել՝ ինքնուս պոետ, ու գնացել ա պատերազմի կրակը հանգցնելու, որ պոետների ձայնը չխլանա թնդանոթների որոտից։

Կխմեմ հարյուր հազարավոր հայ հերոսների կենացը, որոնք զոհվել են մարդկության պատմության ամենադաժան ու ավերիչ պատերազմում։ Կհիշատակեմ տասնյակ միլիոնավոր մարդկանց՝ մեղավոր ու անմեղ, որոնք էդ ահավոր արհավիրքի, էդ դժոխային խելագարության զոհն են դարձել։

Երեկ էլ կարելի էր խմել՝ իմ համար տարբերություն չկա՝ մայիսի 8-ի՞ն, թե՞ 9-ին։ Պարզապես սովորությունը մայիսի 9-ին ա։ Մայիսի 8-ի ու 9-ի միջև տարբերությունը ժամային ա, ոչ թե քաղաքական՝ Բեռլինի ու Մոսկվայի ժամերի տարբերությունն ա։ Բայց քանի որ ես Երևանի ժամանակով եմ խմելու, իմ համար նշանակություն չունի։

Քաղաքականության կարելի ա ամեն ինչը վերածել՝ ժամերն ու օրերը, թվերն ու գույները, անգամ ձայները, անգամ ստվերները։ Բա ինձ պետք ա՞, թե քաղաքական գործիչների բորբոքված ուղեղները մարդկանց իրարից բաժանելու ուրիշ ինչ առիթներ կգտնեն։ Ու չեմ ուզում անգամ մտածել, թե դա ում պատերազմն ա եղել՝ մե՞րն էր, մե՞րը չէր։ Իմ հարազատները զովհել են էդ պատերազմում։ Ես նրանց հիշատակով թղթախաղ չեմ խաղում։

Կարող ա՞, եթե վաղն անհերքելի ապացույցներ գտնեն, որ 44-օրյա պատերազմն ինչ-որ մութ ուժերի կեղտոտ բեմադրությունն ա եղել, մենք մոռանանք մեր տղերքին։ Չէ՞ որ նրանք անկեղծորեն գնացել են մեզ պաշտպանելու, չէ՞ որ իրանց կյանքերն են տվել՝ իսկապես զոհվել են, ոչ թե զոհված ձևացել։ Ուրեմն՝ ի՜նչ կապ ունի նրանց լուսավոր հիշատակը մութ ուժերի սատանայական խաղերի հետ։

Ու մի կենաց էլ կխմեմ, անպայման կխմեմ։ Կխմեմ հաղթանակի կենացը՝ ոչ թե ինչ-որ պետության նկատմամբ մի ուրիշ պետության հաղթանակի, չէ՛, այլ չարի խափանման ու բարու հաղթանակի կենացը։ 1945 թվին աշխարհում վերացել ա չարիքի մի ահռելի օջախ, իսկ երբ չարը ոչնչանում ա, դա բարու հաղթանակն ա, ու իմ համար ոչ մի կապ չունի, թե որ երկիրն ինչ դեր ա ունեցել դրանում։ Դրանով թող պատմաբանները զբաղվեն։

Ես հաղթանակած բարու տերն եմ, բարու ժառանգորդն եմ ու չարը խափանող բարու հաղթանակի կենացն էլ կխմեմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3926

Մեկնաբանություններ